Рубрика: Հայրենագիտություն

Էրեբունի

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այն կառուցվել է Ք․ ա․ 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք․ ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` Ք․ ա․ 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։ Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում[1]։

Оставьте комментарий